ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցներից պահանջում է հստակ պարտավորություններ ստանձնել՝ Իրանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում։ Վաշինգտոնը պահանջում է, որ երկրները մի քանի օրվա ընթացքում ներկայացնեն այդ ջրային ուղով նավագնացության անվտանգության ապահովման կոնկրետ ծրագրեր։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս պահանջը հնչեցվել է Սպիտակ տանը՝ ամերիկացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների բանակցությունների ընթացքում, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նույն հարցը բարձրացվել է նաև Պենտագոնում և Պետքարտուղարությունում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։