Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) ծրագրում է 2030 թվականին Լուսին ուղարկել «Արգոնավտ» անօդաչու վայրէջքային մոդուլը՝ սարքավորումներով, իսկ այնուհետև կընդլայնի լուսնային առաքելության ներուժը. հայտարարել է օդաչուավոր և ռոբոտացված տիեզերական թռիչքների գծով տնօրեն Դանիել Նոյենշվանդերը:
«Նպատակը Լուսնի մասին մեր պատկերացումներն ընդլայնելն է,- Նոյենշվանդերի խոսքերը մեջբերում է Der Spiegel-ը:- Մենք ցանկանում ենք հասնել [Երկրի արբանյակի] Հարավային բևեռ»: Ինչպես պարզաբանել է գիտնականը, այդ վայրը գրավիչ է նրանով, որ այնտեղ առատորեն հասնող արևի լույսը հարմար է էներգիա արտադրելու համար, բայց դեռ պետք է ուսումնասիրել, թե ինչ պաշարներ կարելի է գտնել շրջակայքում, հայտնում է DW-ն։
Նոյենշվանդերը նշել է նաև, որ «լուսնային նպատակներին» հասնելու համար Եվրոպայի համար կարևոր է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը։ Ակնկալվում է, որ «Արտեմիս-4» առաքելության օդաչուավոր տիեզերանավում, որի թռիչքը դեպի Լուսին նախատեսված է 2028 թվականին, կլինեն երկու գերմանացի։
ԵՏԳ-ն այս նախագծում համագործակցում է NASA-ի հետ. օրինակ՝ վերջերս կայացած «Արտեմիս-2» առաքելության «Օրիոն» տիեզերանավի վրա տեղադրված էր ԵՏԳ սպասարկման մոդուլը, որը, ի թիվս այլնի, տիեզերանավն ապահովում էր թթվածնով, ջրով և էլեկտրաէներգիայով։
Միևնույն ժամանակ, NASA-ն հրաժարվել է լուսնային ուղեծրում Gateway կայանը կառուցելու ծրագրերից, մինչդեռ ԵՏԳ-ն ապավինում էր այդ նախագծին։


