Մենք նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում՝ 78.4, որը մեր պատմության մեջ աննախադեպ թիվ է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Սա շատ մեծ և էական գործոն է, որը մեր հիմնական նպատակներից մեկն է։ Մեր նպատակն է, որ մարդը երկար ապրի, բայց երկար ապրելու պայմաններում հնարավորինս լավ ապրի։ Նաև շատ կարևոր եմ համարում, որ առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը և շոշափելիորեն է ավելի։ Դա նույնպես տնտեսության և կառավարության համագործակցության արդյունքն է»,–ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ խնդիրը, որը քաղաքացիները բարձրաձայնում են, աշխատուժի ներհոսքն է Հայաստան. ««Մենք ունենք մի կողմից գործազրկության խնդիր, բայց մյուս կողմից համոզված եմ շատերդ ունեք նաև աշխատատեղերը լրացնելու խնդիր։ Անկեղծ ասած այս դիլեման հասկանալու հարցում, կարծում եմ, մենք ավելի ակտիվ հաղորդակցություն պետք է ունենանք։

Տեղեր են եղել, երբ այցի ընթացքում սեփականատերը կամ տնօրենը ասել է, որ ստիպված ենք, օրինակ, 300-400 աշխատող հրավիրել դրսից, որովհետև մենք չենք կարողանում ներսում ներգրավվել աշխատողներ։ Իհարկե մյուս կողմից հնչում է աշխատավարձի ցածր լինելու հետ կապված հասկանալի շեշտադրում, բայց ես ասում եմ՝ ես չեմ հասկանում՝ ո՞նց է որ չաշխատելը ավելի շատ եկամուտ է բերում, քան աշխատելը նույնիսկ ցածր աշխատավարձով»,– ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ խոսել է նաև Կառավարության սոցիալական քաղաքականության մասին, ըստ որի՝ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ «Պրոցեսները գնալու են հետևյալ տրամաբանության մեջ՝մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք։ Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել այդ հարցում»,– ասաց վարչապետը։