Ուգանդայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Մուհուզի Կայնեուգաբան, որը նաև երկրի նախագահ Յովերի Մուսևենիի որդին է, կիրակի օրը արտառոց վերջնագիր է ներկայացրել Թուրքիային։ Այս մասին հայտնում է The Week-ը։

«Թուրքիայից ակնկալվող 1 միլիարդ դոլարից բացի, ես ուզում եմ նաև կնության առնել այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը։ Թող նրանք մեզ վճարեն և հանձնեն իրենց կանանց։ Այդ դեպքում խաղաղություն կլինի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։


Քիչ անց գեներալը նոր սպառնալիք է հնչեցրել՝ հայտարարելով, որ եթե իր պահանջները 30 օրվա ընթացքում չբավարարվեն, Ուգանդան կխզի Թուրքիայի հետ իր դիվանագիտական կապերը։ «Իրական խնդիրը Թուրքիան է։ Մենք սպասում էինք, որ նրանք խելքի կգան, բայց ապարդյուն։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կդադարեցնենք բոլոր դիվանագիտական հարաբերությունները»,- գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ նա նաև սպառնացել է.


«Մենք կարգելափակենք նրանց ավիաուղիները»։

Ավելի ուշ, սուր քննադատության և հանրային մեծ հնչեղության պատճառով, հրապարակումները հեռացվել են։

Վերջին գրառումների շարքում գեներալը Թուրքիային մեղադրել էր նաև Սոմալիի ենթակառուցվածքային և նավահանգստային նախագծերից շահույթ ստանալու մեջ՝ պնդելով, որ ուգանդական զորքերը գրեթե երկու տասնամյակ մասնակցել են «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների դեմ գործողություններին՝ ապահովելով տարածաշրջանի անվտանգությունը։

Գեներալի պնդմամբ՝ Ուգանդայի զինուժը նշանակալի դեր է խաղացել Թուրքիայի տնտեսական շահերի սպասարկման գործում։ Խոսքը հատկապես Մոգադիշոյի նավահանգստի և օդանավակայանի նախագծերի մասին է, որոնք, ըստ նրա, հարյուր միլիոնավոր դոլարների շահույթ են բերել թուրքական ընկերություններին։

Մուհուզի Կայնեուգաբան, որը ղեկավարում է Ուգանդայի պաշտպանության ուժերի հատուկ ստորաբաժանումները, հայտնի է սոցցանցերում իր սկանդալային ու սադրիչ գրառումներով։ Նա նաև աչքի է ընկնում միջազգային հարթակներում Իսրայելին սատարող իր ծայրահեղ դիրքորոշմամբ։

Դեռ մարտին՝ Իրանի հետ պատերազմի բռնկումից հետո, գեներալը հայտարարել էր, թե Ուգանդան պատրաստ է զորակցել Իսրայելին. «Պատրաստ եմ իմ հրամանատարությամբ 100 000 ուգանդացի զինվոր ուղարկել Սուրբ երկիր, մեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի օրրանը պաշտպանելու համար»,- գրել էր նա X-ում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նկատմամբ ֆինանսական պահանջները կապված են Ուգանդայի Աֆրիկյան Միության առաքելություններին մասնակցության համար ստացվող «անվտանգության դիվիդենտների» հետ։

Կայիներուգաբան հայտնի է X-ում իր պարբերական դարձած սուր և սեքսիստական գրառումներով։

2022-ին նա առաջարկում էր 100 անկոլե տեսակի կով նվիրել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ ամուսնության դիմաց, իսկ մերժման դեպքում սպառնում էր «գրավել Հռոմը»։ Նույն տարում նա հայտարարել էր, թե իր բանակն ընդամենը երկու շաբաթում կարող է գրավել Նայրոբին։ Այդ ժամանակ նրա հայրը՝ Ուգանդայի նախագահը, ստիպված եղավ պաշտոնապես ներողություն խնդրել Քենիայից և որդուն ժամանակավորապես հեռացնել պաշտոնից։