Չինաստանի իշխանությունները հրապարակել են 10 քաղաքական միջոցառումներից բաղկացած փաթեթ, որն ուղղված է Թայվանի հետ համագործակցության ակտիվացմանը։ Ըստ «Սինհուա» գործակալության՝ համատեղ ծրագրերն ընդգրկում են միջկուսակցական փոխգործակցության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առևտրի և մշակույթի ոլորտները։

Փաթեթը հանրայնացվել է Սի Ծինփինի և թայվանական «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հանդիպումից հետո, որը վերջին տասնամյակում նման մակարդակի առաջին հանդիպումն է եղել։ Նախաձեռնության առանցքային կետը Չինաստանի Կոմունիստական կուսակցության և «Գոմինդանի» միջև մշտական կապի մեխանիզմի ստեղծումն է՝ հիմնված «1992 թվականի կոնսենսուսի» և Թայվանի անկախությանը դիմակայելու սկզբունքների վրա։

Ենթակառուցվածքների մասով նախատեսվում է կամուրջներ կառուցել Ֆուցզյան նահանգի և թայվանական Ցզինմեն ու Մացզու կղզիների միջև, վերականգնել ուղիղ ավիաչվերթները (այդ թվում՝ դեպի Չինաստանի ներքին շրջաններ), ինչպես նաև Սյամենի նոր օդանավակայանն օգտագործել Ցզինմենի կարիքների համար։

Առևտրի ոլորտում Պեկինը պարզեցնում է թայվանական գյուղմթերքի ու ձկնամթերքի ներկրումը և նոր հնարավորություններ ստեղծում թայվանական փոքր բիզնեսի համար՝ օգնելով նրանց ապրանքները ներկայացնել չինական խոշոր ցուցահանդեսներում։ Մշակույթի և զբոսաշրջության մասով թայվանական սերիալներն ու վավերագրական ֆիլմերը մուտք կգործեն չինական հարթակներ։ Բացի այդ, կվերականգնվի դեռ 2019-ին կասեցված ծրագիրը, որը թույլ կտա Շանհայի և Ֆուցզյանի բնակիչներին կրկին անհատական զբոսաշրջային այցեր կատարել դեպի Թայվան։