Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Թուրքիայում կամ Եգիպտոսում, հայտնում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ թուրք և եգիպտացի պաշտոնյաները միջնորդի դեր են կատարել հակամարտության կարգավորման հարցում, ինչն, ըստ աղբյուրի, մեծացնում է հանդիպումն այս երկրներից մեկում անցկացնելու հավանականությունը։
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ AP գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլի հնարավորությունը՝ փորձելով հասնել իրանական հակամարտության դադարեցմանը միտված համաձայնությանը։ Գործակալության աղբյուրները նշել են, որ որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաքը։ Նրանք հավելել են, որ բանակցությունների անցկացման մեկ այլ հնարավոր վայր կարող է դառնալ Ժնևը։


