Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը վերընտրվելու է:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձայների մեծամանությունը` 70-ից ավելին կանցնի Ալիևին: Սակայն պետք է նկատենք, որ Ալիևի նախընտրական քարոզարշավն ամենապասիվն է, մարզեր քիչ է գնում: Երևի` որոշել են շատ գումար չծախսել»,- իր խոսքում նշեց Քոչարյանը` հավելելով, որ որքան էլ Ադրբեջանն ունի նավթադոլարներ, ստաբիլ եկամուտներ, այնուամենայնիվ այդ ռեսուրսները գնում են ինչ-որ ֆանտաստիկ ծրագրերի վրա կամ էլ Ալիևի գրպանը:
«Ադրբեջանում գերխնդիր է արտագաղթը: Բնակչության 2 մլնն ապրում է Ռուսատանում: Եվ նաև առավել արագ կերպով է շարունակվում թալանը, իսկ հարստացող Ալիևը ձեռք է տալիս հայերին»,- ասաց Քոչարյանը: Նրա դիտարկմամբ` Ալիևի նախընտրական քարոզարշավը նման է Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Վարդան Սեդրակյանի քարոզարշավներին, քանի որ Ալիևը պատմաբան է, ով ցանկանում է գրել Ադրբեջանի պատմությունը, արևմտամետությամբ նման է Հովհաննիսյանին, իսկ ԼՏՊ-ին նման է այն բանով, որ իրեն Ադրբեջանում համարում է գործիք, որը գործում է հակասուլթանկան ոճով:
«Քանի որ մենք արտաքին թշնամու կերպարն ենք Ադրբեջանի համար, հետևաբար Ալիևը այդ գաղափարի շուրջ էլ հավաքում է ողջ ազգին: Իսկ կառավարության անդամների կողմից իրականացված զորավարժությունները Ադրջեջանն այլ կերպ կարող է մեկնաբանել: Արցախում նման զորավարժություններ պարբերաբար են իրականացվում, և ժողովուրդը տեսնում է, որ ցանկացած պահի իշխանությունները նույնպես ոտքի կկանգնեն: Մեր դեպքում, ցավոք սրտի, առաջին անգամն այնպես չանցավ, ինչպես պետք էր: Եթե ճիշտ մատուցվեր, կթողներ իր էֆֆեկտը»,- գնահատեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:
Նրա դիտարկմամբ` ֆեյսբուքյան գրառումները ցույց են տվել, որ ոչ ոք չէր ոգևորվել` տեսնելով կառավարության անդամներին զինվորական համազգեստով: