Ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ Պակիստանի զինված ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիֆ Մունիրը կարող է վտանգ ներկայացնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի համար։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հետախուզական զեկույցում նշվում է, որ Մունիրը կարող է անձնական կապեր ունենալ Իրանի բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ ԻՀՊԿ նախկին հրամանատարների հետ։ Հատուկ ծառայությունների համոզմամբ՝ Թեհրանի հետ առկա հակամարտության համատեքստում սա կարող է ռիսկեր ստեղծել Վաշինգտոնի համար։
Զեկույցում Պակիստանը ներկայացված է որպես «անհուսալի դաշնակից»՝ Իրանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։ Բացի այդ, նշվում է, որ Մունիրը կարող է «երկակի խաղ» խաղալ տարածաշրջանային իրավիճակի կարգավորման հարցում։
Դոնալդ Թրամփը ժամանակին ողջունում էր Պակիստանի ռազմական ղեկավարության դերը ԱՄՆ-Իրան շփումների հաստատման գործում և Մունիրին անվանում էր իր «ամենասիրելի ֆելդմարշալը»։
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության ֆոնին Պակիստանը կարող է միաժամանակ հանդես գալ և՛ որպես միջնորդ, և՛ որպես սեփական տարածաշրջանային շահերի պաշտպան։


