Այն քաղաքական ուժերն են ասում՝ ապօրինի գույքի վերադարձի տեմպը դանդաղ է, որոնց ներկայացուցիչներն անցնում են այդ գործընթացով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, Facebook–ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ 2026-2031 թվականների միջոցառումներն ու անելիքները։


Նա նշել է, որ ծրագրի 67-րդ կետը վերաբերում է ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականությանը, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձը համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրմանը, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերը հանրությանը վերադարձնելուն:

«Սա վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գույքի ապօրինի սեփականաշնորհմանը կամ վարձակալությանը։ Ես պարբերաբար ներկայացնում եմ, այդ պրոցեսները գնում են, Վճռաբեկ դատարանն արդեն ունի նախադեպային վճիռ, բազմաթիվ գույքեր վերադարձվել են, ես դրանք ներկայացնում եմ իմ ֆեյսբուքյան էջով։

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական ուժեր կան՝ ասում են սպասված ձևով, պատշաճ ծավալներով չի իրականացվում գույքի վերադարձը։ Հետաքրքիրն այն է, որ այսպես խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչներն անցնում են այս ապօրինի գույքի գործընթացով։ Նրանք այս խոսույթը փորձում են օգտագործել հանրության շրջանում հիասթափություն առաջացնելու համար»,- ասաց վարչապետն՝ արձանագրելով, որ այո, տեմպերի հետ կապված խնդիրներ կան։

«Մենք մաֆիայի գույքն ենք ձեռքերից վերցնում, սիրելի ժողովուրդ, մաֆիայի դեմ ենք պայքարում, իսկ դա հեշտ չէ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ շարունակում ենք։ Բոլոր էն քննադատողները, որ ասում են՝ լավ չի իրականացվում ապօրինի գույքի վերադարձը, իրենցից ոչ մեկը չի ասում՝ այ, որ մենք գանք իշխանության, մենք ավելի լավ կանենք, որովհետև իրենց 90 տոկոսը հենց այս ապօրինի գույքի վերադարձի թիրախն է։

Նրանք ուզում են հանրության շրջանում հիասթափություն առաջացնել, բայց էդ հիասթափության առաջացման արդյունքում իրենց ակնկալած արդյունքը ոչ թե այն է, որ ապօրինի գույքն ավելի մեծ տեմպերով վերադարձվի, այլ այդ գործընթացը կանգնեցվի։ Եվ այս պրոցեսները, որ գնում է ապօրինի գույքերը վերադարձնելու ուղղությամբ՝ կասեցվի»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով նաև ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքի վերադարձի գործընթացից։