Ըստ փորձագետների և ԱՄՆ պաշտպանության նախարարության զինված ուժերի պաշարների ներքին գնահատումներին ծանոթ երեք աղբյուրների՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ամերիկյան զինվորականները զգալիորեն սպառել են առանցքային հրթիռների իրենց պաշարները։ Սա զինամթերքի դեֆիցիտի ռիսկ է ստեղծում՝ առաջիկա մի քանի տարիներին հնարավոր նոր հակամարտությունների դեպքում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նոր վերլուծության համաձայն՝ պատերազմի վերջին յոթ շաբաթների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը ծախսել են իրենց ճշգրիտ կառավարվող հրթիռների պաշարների առնվազն 45%-ը, բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված THAAD հրթիռների առնվազն կեսը և Patriot զենիթային հրթիռների պաշարների գրեթե 50%-ը։

Ամերիկյան պահեստներում մնացած կրիտիկական նշանակության զինամթերքի քանակը բավարար չէ այնպիսի հզոր հակառակորդին դիմակայելու համար, ինչպիսին Չինաստանն է։ Մի քանի տարի է պետք այս սպառազինության պաշարները նախապատերազմյան մակարդակին հասցնելու համար։


Ըստ վերլուծության և աղբյուրների՝ ամերիկյան զինվորականները ծախսել են նաև Tomahawk թևավոր հրթիռների պաշարների մոտ 30%-ը, «օդ-երկիր» դասի հեռահար JASSM հրթիռների ավելի քան 20%-ը, ինչպես նաև SM-3 և SM-6 հրթիռների մոտ 20%-ը։ Այս համակարգերի վերականգնման համար կպահանջվի մոտ չորսից հինգ տարի։