«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են թվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է TASS-ը։


«Մասնավորապես տարօրինակ են հնչում Երևանի այն հայտարարությունները, թե «ՀԿԵ»-ի կառավարումը հանրապետության համար իբր «մրցակցային կորուստներ» է առաջացնում, ինչպես նաև կոնցեսիան երրորդ երկրների զիջելու առաջարկները»,- ասել է Շևցովը։

Շևցովի պնդմամբ՝ պայմանագիրը կնքվել է հայկական կողմի համար առավելագույնս նպաստավոր պայմաններով։ «Նախնական գնահատականներով՝ իրավունքների հետգնման և փոխհատուցումների համար կոնցեսիայի պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն վճարել առնվազն 250 մլն դոլար, տարեկան ծախսել շուրջ 40 մլն դոլար օպերացիոն ծախսերի վրա, ներդնել մոտ 400 մլն դոլար Իջևանի ավերված հատվածի վերականգնման և ևս 200 մլն դոլար Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի համար։ Բացի այդ, մոտ 40 մլն դոլար կպահանջվի Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատվածների վերականգնման համար»,- թվարկել է նա։ «Ընդ որում, հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն անհայտ է, մինչդեռ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանք վստահաբար կկրճատվեն»,- հավելել է Շևցովը։


Այդուհանդերձ, ինչպես նշել է Շևցովը, տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում։ Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ արդյունքները կգերազանցեն սպասումները, և ԵԱՏՄ-ից անջատվելու հետևանքով Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստներն ավելի մեծ կլինեն, հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։