Սերբիայում շարունակվող սամբոյի պատանիների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել։
Մրցապայքարից դուրս մնաց միայն Միլենա Առաքելյանը, որը մեկ հաղթանակից հետո պարտություն կրեց։
Մեկ պարտություն, երկու հաղթանակ արդյունքով բրոնզե մեդալի արժանացավ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը։
Եզրափակիչներում Հայաստանն ուներ 6 մարզիկ։
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Սյուզաննա Մանուկյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցիչին և արժանացավ արծաթե մեդալի։
Մարզական սամբոյի տղաների 58 և 71 կգ քաշային կարգերում նախ՝ Ալեքս Խաչատրյանը, ապա Մհեր Օհանյանը հաղթեցին ադրբեջանցի մարզիկների ու դարձան Սամբոյի երիտասարդների առաջնության չեմպիոններ։
Մարտական սամբոյի եզրափակիչ հասած Հայաստանի երեք մարզիկներն էլ պարտվեցին Ռուսաստանի ներկայացուցիչներին ու դարձան փոխչեմպիոններ․ Միքայել Թումասյան՝ 64 կգ, Վադիս Համբարձումյան՝ 79 կգ, Արեն Հարությունյան՝ 98 կգ։
Ապրիլի 23-ին մեդալների համար կպայքարի Հայաստանի ևս յոթ մարզիկ։
Հայաստանի պատանեկան թիման այս առաջնությունում նվաճել է 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։


