Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել, հաղորդում է Shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտաքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող «Կոտայքի» ճանշինի աշխատակիցները, ովքեր շատ արագ ճանապարհից հեռացրեցին երկաթե արգելապատնեշները, այնուհետև փրկարարների հետ ավտոմեքենայի մեջից դուրս բերեցին երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչդեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվել ու մահացել։