Կանադացի անկախ ռազմական վերլուծաբան Քոլբի Բադհվարի հաշվարկներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջիկա հինգ տարում ձեռք բերել շուրջ 28 հազար FAMM-P և FAMM-L տեսակի թևավոր հրթիռներ։
Ակնկալվում է, որ 2030 թվականից արտադրության տեմպերը կտրուկ կաճեն՝ տարեկան անցնելով 7 հազարի սահմանը։ Այս ցուցանիշին հասնելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերն արդեն 2027-ի բյուջեով 350 մլն դոլարից ավելի գումար են խնդրել, որպեսզի սկսեն առաջին հազար փորձնական հրթիռների թողարկումը։
FAMM նախաձեռնության նպատակը նոր սերնդի ճշգրիտ զինատեսակների ստեղծումն է։ Դրանք պետք է զգալիորեն ավելի էժան լինեն այնպիսի «դասական տարբերակներից», ինչպիսիք են Tomahawk-ը կամ JASSM-ը։ Վերջիններիս միավորի գինը հասնում է միլիոնավոր դոլարների, ինչը ստիպում է խնայողաբար օգտագործել դրանք։ Դրանք զանգվածային կիրառումը բավականին մեծ բեռ է ԱՄՆ-ի ֆինանսական բյուջեի համար։ Բացի ծախսերը կրճատելուց, ծրագիրը միտված է նաև դաշնակիցներին աջակցելուն և սպառազինության արտահանման նոր հնարավորությունների ստեղծմանը։
Ինչպես հայտնում է The New York Times-ը, Իրանի դեմ գործողության հենց առաջին օրերին Պենտագոնը «օդ է հանել» 1100 միավոր JASSM-ER և մոտ 1000 Tomahawk թևավոր հրթիռ։ Եթե սրան գումարենք նաև Patriot համակարգերի և HIMARS-ի արկերի ծախսը, ապա գումարը կհասնի 5,5 մլրդ դոլարի։ Իսկ անկախ փորձագետների հաշվարկներով՝ այս հակամարտությունն ԱՄՆ-ի համար արժեցել է 28-ից 35 մլրդ դոլար։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը բավականին խիստ պայմաններ են դրել ծրագրի մասնակիցների առջև։ Մեկ հրթիռի արժեքը չպետք է գերազամցի 200-300 հազար դոլարը, իսկ տարեկան պետք է արտադրվեն հազարավոր նմուշներ։ Հիմնական պահանջներից է, որ հրթիռը կարողանա 460 կմ-ից ավելի հեռավորության վրա դիպուկ խոցել թիրախը նույնիսկ այն դեպքում, երբ արբանյակային կապը խափանված է։ Ինքնարժեքը ցածր պահելու համար թույլատրվում է օգտագործել 3D տպագրություն և շուկայում եղած սովորական դետալներ։ Իսկ մարտագլխիկի համար ընտրված 45-100 կգ քաշը մասնագետները համարում են ամենաարդյունավետ լուծումը։
FAMM ծրագիրը բաժանված է երեք ուղղության։ Առաջինը՝ FAMM-P-ն է, որը նախատեսված է տրանսպորտային ինքնաթիռներից (ինչպիսիք են C-130-ը կամ C-17-ը) հատուկ բեռնահարթակներով արձակվող հրթիռների համար։ Երկրորդ ուղղությունը՝ FAMM-L-ը, կենտրոնացած է կործանիչների (F-16, F-15EX կամ F-35) թևերի տակ տեղադրվող զինատեսակների վրա։ Իսկ երրորդը՝ FAMM-BAR նախագիծն է, որի նպատակն է ստեղծել մինչև 1800 կմ հեռահարություն ունեցող հզոր հրթիռներ։ Այս տեխնոլոգիական մրցավազքին միացել են թե՛ ոլորտի հսկաները, թե՛ հավակնոտ նորաստեղծ ընկերությունները։ Ընդ որում, ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են ընտրել ոչ թե մեկ, այլ մի քանի հաղթողի, քանի որ յուրաքանչյուր նախագիծ ունի իր յուրահատուկ առավելությունները։


