Իրանը միջնորդներին է փոխանցել եռափուլ պլան, որի համաձայն պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ վերջինիս տեղեկությունների՝ իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը «կենտրոնանա պատերազմի դադարեցման և այնպիսի երաշխիքների ստացման [հարցի] վրա», որ Իրանի և Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Թեհրանի պայմանների համաձայն՝ «այս փուլում ոչ մի այլ հարց չի քննարկվելու»։ Այս հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում՝ երկրորդ փուլում օմանյան կողմի հետ համակարգմամբ կքննարկվի «պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցը»։
Իրանի առաջարկի համաձայն՝ երրորդ փուլը կվերաբերի Թեհրանի միջուկային դոսյեին։ Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, իրանական կողմը «հրաժարվում է քննարկել այս հարցը մինչև առաջին երկու փուլերի շուրջ համաձայնության հասնելը»։ Ըստ Al Mayadeen-ի տվյալների՝ եթե ԱՄՆ-ն ընդունի բանակցությունների վարման համապատասխան պլանը, ապա Իրանը կհամաձայնի հաջորդ փուլին։
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցի շուրջ՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունների նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։


