ԱՄՆ զինված ուժերն այս պահին անպաշտպան են գերձայնային զենքի և արդիական թևավոր հրթիռների առջև։ Այս մասին Կոնգրեսի Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է տիեզերական ոլորտում քաղաքականության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մարկ Բերկովիցը։


ԱՄՆ-ի կողմից մշակվող նոր սերնդի Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգին նվիրված նիստի ժամանակ սենատորները նրան խնդրել են նկարագրել երկրի ներկայիս հակահրթիռային ներուժը։ «Այսօր մենք ունենք երկրի պաշտպանության խիստ սահմանափակ, ցամաքային միամակարդակ համակարգ, որը հատուկ նախագծվել է Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր փոքրածավալ անակնկալ հարձակումներին դիմակայելու համար»,— պատասխանել է նա։

«Մենք նաև խիստ սահմանափակ հնարավորություններ ունենք բալիստիկ հրթիռների կիրառմամբ ցանկացած այլ հարձակման հակազդելու համար։ Բացի այդ, այսօր չունենք պաշտպանության միջոցներ հիպերձայնային զենքի կամ թևավոր հրթիռների դեմ, եթե խոսքը առաջադեմ թևավոր հրթիռների մասին է»,— փաստել է Պենտագոնի ղեկավարի օգնականը։