ԱՄՆ-ի և Իսրայելի դեն Իրանի հակամարտությունը չի ավարտվել, և Իսլամական Հանրապետությունը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխնախարարը՝ Սաիդ Խաթիբզադեն։
«Կարծում եմ՝ դժվար է ասել, թե պատերազմն ավարտված է։ Քանի դեռ այն չի դադարել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորված լինել։ Հետևաբար, Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ Մենք կշարունակենք մնալ բարձր պատրաստվածության վիճակում և պաշտպանողական դիրքեր զբաղեցնել տարբեր ճակատներում», — նշել է դիվանագետը Իրանի ԱԳՆ-ին կից գործող Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) հարթակում։ Նա ընդգծել է, որ իսլամական հանրապետության նպատակն է «պարտության մատնել ագրեսորին» և թույլ չտալ, որ ԱՄՆ-ն «Իրանի ներսում հասնի իր նպատակին»։
Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է «կենտրոնանալ այս պատերազմի դադարեցման և դրա հիմնապատճառների վերացման վրա»։ «Մենք հենց դրանով էլ կզբաղվենք։ Մենք այս մասին արդեն ասել էինք Իսլամաբադի բանակցությունների ժամանակ և դրանից հետո», — եզրափակել է Սաիդ Խաթիբզադեն։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իսլամական հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ 40-օրյա պատերազմի ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով՝ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ապրիլի 21-ին Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին։ Ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի ռեժիմի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան ձևով։


