Բաքուն կարող է պաշտոնական որոշում կայացնել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին՝ ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ վերջինիս որդեգրած կողմնակալ դիրքորոշման։ Այս մասին «Trend»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Ադրբեջանը, որը նախկինում արդեն փաստացի դադարեցրել էր կապերը Եվրախորհրդարանի հետ, դիտարկում է հարաբերությունների լիակատար խզման տարբերակը։ Ներկայումս այս հարցը քննարկման փուլում է։
Հաղորդվում է, որ Եվրախորհրդարանում ներկայացված «Հայաստանում ժողովրդավարական կայունության աջակցություն» բանաձևի նախագիծը, չնայած հայտարարված աջակցության բնույթին, իբր պարունակում է մի շարք դրույթներ, որոնք «անհիմն մեղադրանքներ և պահանջներ են ներկայացնում Ադրբեջանի հասցեին»։


