Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցից դեպի հարավ հեռանալու ցուցում է փոխանցել առևտրային նավերին, որոնք գտնվում են ԱՄԷ-ի հյուսիսային ափերի մոտ, հաղորդել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Ըստ այդ տվյալների՝ նավերի կապիտանները ռադիոկապով հրաման են ստացել լքել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ գտնվող խարիսխի կանգառի շրջանը և շարժվել դեպի հարավ՝ Դուբայ էմիրություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ երկուշաբթի Միացյալ Նահանգները կսկսեն օգնություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում արգելափակված և այնտեղից դուրս գալ ձգտող նավերին։
«Սա կսկսվի երկուշաբթի առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով։ Մենք տեղեկացրել ենք երկրներին, որ ուղղորդելու ենք նրանց նավերը, որպեսզի նրանք կարողանան լքել այս արգելափակված շրջանը», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահն այս գործողությունն անվանել է «Ազատության նախագիծ» և կոչ արել չխոչընդոտել դրա իրականացմանը։ Միաժամանակ նա չի հստակեցրել դրա անցկացման եղանակը։


