Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքն առ այն, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր երկրի շահերին։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղությունը չպետք է դիտարկել որպես միանգամյա ձեռքբերում. այն պահանջում է մշտական հոգածություն և ուշադրություն, քանի որ եթե դուք ներդրում չեք անում դրա մեջ, ռիսկի եք դիմում կորցնել այն։ Հետևաբար, խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ գործունեություն։ Սա, բնականաբար, ներառում է նաև հումանիտար խնդիրների լուծումը, ինչը նպաստում է վստահության վերականգնմանը և հասարակությունների միջև իրական հաշտեցմանը։
Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղությունը պահպանելու համար։ Երբ մենք համատեղ օգտագործում ենք առևտրային ուղիները, էներգետիկ ցանցերը, խողովակաշարերը, թվային կապուղիները, մենք կիսում ենք թե՛ ռիսկերը, թե՛ օգուտները։
Այսպիսով, մեր հարևանների հետ միասին կառուցելով ենթակառուցվածքներ, որոնք միացնում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր մասնակից անձնական շահագրգռվածություն ունի իր հարևանի կայունության մեջ։ Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի հիմքը։ Խաղաղությանը, համագործակցությանը և բարգավաճմանը նվիրվածությունը որոշում է մեր մոտեցումը մեր հարևանների նկատմամբ։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները ավելի լավ կծառայեն մեր երկրի շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը, որը նույնպես հիմնված է փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք միշտ պահպանել ենք բարեկամական կապեր և սերտ գործընկերություն։
Հայաստանը կատարել է իր ինքնիշխան ընտրությունը՝ հօգուտ հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Այն հիմնված է ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ բազմաթիվ ուղղություններով բովանդակային ու փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցման վրա։ Այսօր Հայաստանի ռազմավարական գործընկերության տիրույթում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը, ինչպես նաև եվրոպական գործընկերների աճող թիվը հանդես են գալիս ոչ թե որպես միմյանց այլընտրանք, այլ որպես դիվերսիֆիկացված և փոխգործակցային արտաքին քաղաքականության հենասյուներ։
Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի է հենց Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը հիմք է ստեղծում քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում համագործակցության համար։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի դուռ, որը կարևոր է ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Փոթորիկները երբեք հնարավոր չէ լիովին սանձել. միշտ էլ ի հայտ կգան նոր անորոշություններ՝ փոխարինելու նրանց, որոնք արդեն հաղթահարել ենք։
Սակայն դասը, որը մենք քաղում ենք մեր փորձից, ընտրության ազատության և գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի և ճիշտ քայլերի շնորհիվ փոքր երկրները կարող են գտնել իրենց ուղին փոթորիկների միջով և կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ ու բարգավաճ ապագան», - նշել է Միրզոյանը։


