Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին լուրերը Իսլամաբադում միայն արտացոլում են երկխոսություն հաստատելու փորձերը. շփումները ունեն անկանոն բնույթ և մինչ այժմ արդյունք չեն տվել։
Միևնույն ժամանակ, Իսրայելը՝ չնայած հայտարարված զինադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։
NEWS.am ներկայացնում է շաբաթ օրվա գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ամփոփումը։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում են Պեկինում կայանալիք լայնամասշտաբ գագաթնաժողովի, որի ֆոնին աճում են խոսակցությունները Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր գործարքի մասին։ Այս մասին գրում է Bild-ը։
Թրամփը, հիասթափված լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումից, փաստացի ճանապարհ է բացել Չինաստանի համար՝ որպես գլխավոր միջնորդի։
Պեկինի հիմնական շահը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, քանի որ ՉԺՀ-ն սպառում է Իրանի նավթի արտահանման մինչև 90 տոկոսը, իսկ այդ երթուղու կայունությունը կենսական նշանակություն ունի չինական տնտեսության համար։
• ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ամիր Սաիդ Իրավանին նամակ է ուղարկել Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Նա կոչ է արել նրանց հստակ և միանշանակ դատապարտել ԱՄՆ-ի ապօրինի գործողությունները, այդ թվում՝ Իրանի ծովային շրջափակումը։
• ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է Իրանի պատասխանին հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։
«Մենք այսօր որևէ պահի նրանցից պատասխան ենք սպասում… Հուսով եմ, որ դա լուրջ առաջարկ կլինի, ես իսկապես հույս ունեմ դրա վրա», — ասել է Ռուբիոն։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում «Ոչ» է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտվել է։
«Ամեն ինչ կավարտվի, երբ ավարտվի։ Բայց մենք, անկասկած, ռազմական հաղթանակ ենք տարել։ Մենք պետք է ստիպենք մարդկանց դուրս գալ [Իրանի] քարանձավներից և ինչ-որ բան ստորագրել։
Մենք իրականում վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Եվ մենք նրանցից խլել ենք այդ բիզնեսը։ Իրան նավակներ չեն հասնում», — հավելել է նա։
Նրա կարծիքով՝ հակամարտության անհապաղ ավարտից ավելի կարևոր է ԱՄՆ-ի համար լավագույնս շահավետ համաձայնագրի կնքումը։


