Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում լիարժեք առաջ տանել երկրի կառավարումը, քանի որ նա չի կարողանում ճիշտ մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններում։

Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասել է Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին և կուսակցության քաղաքական դիրքորոշմանը։


Ծառուկյանի խոսքով՝ իր քաղաքական թիմը սկզբում աջակցել է Փաշինյանին և նույնիսկ հրապարակում հայտարարել է այդ մասին։


«Գնացել եմ հրապարակ, հավատացել եմ իր խոսքերին ու սկզբունքներին։ Ժողովրդին հարցրել եմ՝ ում եք ուզում վարչապետ՝ Սասուն Միքայելյանի՞ն, Արարատ Միրզոյանի՞ն, թե Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդը գոռացել է՝ Նիկոլ Փաշինյան, ու մենք մեր ամբողջ թիմով տվել ենք մեր ձայնը նրան»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ծառուկյանը նշել է, որ հետագայում ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիա մտնելուց, իսկ տարաձայնություններից հետո իշխանությունը հեռացրել է իրենց նախարարներին։

«Մենք եղել ենք այդ կազմի մեջ, բայց երբ իր ասածը չենք ընդունել ու հակառակ կարծիք ենք հայտնել, հրապարակավ մեր նախարարներին ազատեց պաշտոններից։ Ավելի լավ է՝ ազատեց, որովհետև այսօր մենք պատասխանատու չենք կատարվածի համար»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Նրա համոզմամբ՝ երկրի կառավարման գլխավոր խնդիրը կադրային քաղաքականությունն է։

«Եթե ես էլ ճիշտ ձևակերպում չանեմ, ճիշտ մարդկանց գործի չդնեմ, արդյունք չի լինի։ Ես բարեկամ կամ ծանոթ չեմ նշանակում։ Կարող է մարդուն չճանաչեմ, ուրիշ կուսակցությունից լինի, բայց եթե նա փորձառու է, խելացի, արդյունավետ, պետք է նրան վստահել աշխատանքը»,- ասել է Ծառուկյանը։

Նա ընդգծել է, որ իշխանությունը պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների միջոցով, որպեսզի երկրում արդյունք և դրական փոփոխություններ լինեն։

«Այսօր պետք է այդ խնդիրները կարգավորել, որպեսզի ժողովրդի դեմքին նորից ժպիտ լինի։ Մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, արվեստով, բայց այսօր դա էլ չկա»,- հայտարարել է նա։