Թող խաղաղությունը մեր հողերի հաշվին չլինի, մի բուռ էինք, դարձանք կես բուռ, չի կարելի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11–ին, Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց մի երևանցի կին։

«Դուք շատ լավն եք, գոհ ենք, բայց էդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ Դուք ասում եք՝ Ղարաբաղը մերը չէ, դրանով գրգռում եք ժողովրդի ձեր դեմ»,–ասաց նա։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ նկատի ունենք «Հայաստանի հող» ասելով։ Մենք կողմնորոշվել ենք և ասում ենք, որ «Հայաստանի հող» ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 743 քաղռակուսի կմ տարածքը։

Վերջին 500 տարում Բագրատունիներից հետո մենք պետություն ընդհանրապես չենք ունեցել մինչև 1918 թվականը, և մենք պետք է հասկանանք, որ պատմական ճշմարտության դաշտ մտնելով մենք մի այնպիսի բանի մեջ ենք մտնում... Մենք վերջին հազար տարում այս տարածքում պետություն չենք ունեցել բայց այս տարածքում պետություններ եղել են, և մենք պետք է ուրախանանք և կենտրոնանանք այսօր 29 հազար 743 քառակուսի կմ–ի վրա»։

Կինն ընդհատեց վարչապետին՝ ասելով. «Իրենք, որ Ջերմուկ են մտել, քեզ մի բան պարտադրում են, ասում են՝ էս պետք ա տաք, դուք ինչի՞ չեք ասում՝ դուք էլ մեր Ջերմուկից դուրս եկեք։ Ասեք, մի վախեցեք, ո՞վ է Ալիևը»։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «2024 թվի սեպտեմբերին ստորագրվել և հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ արձանագրվել է Ալմա Աթայի բազային սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով։ Դա նշանակում է, որ ձեր ասած և մյուս խնդրահարույց տարածքների հարցերը լուծվելու են»։

Կինը չէր հանդարտվում. «Երբ լսում եմ, որ մի բան գրավել են, ես էս տարիքիս վատանում եմ։ Էս անգամ էլ լսեցի Տաուշում ասեցիք՝ Ղարաբաղը մերը չի, լսում եմ՝ վատանում եմ»։