ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին իր պետական այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մտադիր է քննարկել առաջին հերթին երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը։
«Ես կասեի՝ ավելի շատ, քան որևէ այլ բանի մասին, մենք կխոսենք առևտրի մասին», - հայտնել է նա լրագրողների հետ զրույցում Սպիտակ տանը՝ Չինաստան մեկնելուց առաջ։
«Մենք Չինաստանի հետ հսկայական հարաբերություններ ունենք։ Մենք երկու գերտերություն ենք։ Մենք աշխարհի ամենահզոր երկրներն ենք ռազմական ուժի առումով։ Չինաստանը համարվում է երկրորդը։ Ո՞վ գիտի, ո՞վ գիտի», - հայտարարել է այնուհետև ամերիկացի առաջնորդը։ «Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ։ Եվ, կարծում եմ, այդպիսին էլ դրանք կմնան», - ավելացրել է Թրամփը։
Չինաստանում Թրամփը կգտնվի մայիսի 13-15-ը։ Սկզբում նախատեսվում էր, որ այցը կկայանա մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Սակայն այն հետաձգվեց՝ կապված այն պատերազմի հետ, որը փետրվարի 28-ին սկսեցին Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը։ Ամերիկյան վարչակազմը սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահի պատասխան այցը կկատարվի ԱՄՆ ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում։ Ամերիկայի նախագահը դա հաստատել է մամուլի հետ շփման ընթացքում։


