Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ մտադիր է նրանից խնդրել բարձրացնել Չինաստանի շուկայի բացվածության աստիճանը ամերիկյան ընկերությունների համար։

Նա կեղծ է անվանել CNBC հեռուստաալիքի հաղորդագրությունը, թե Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգին վերջին պահին հրավիրել են ընդգրկվել նախագահի պատվիրակության կազմում Չինաստան կատարելիք այցի ընթացքում։ «Մեծ պատիվ է, որ Ջենսենը, Իլոնը [Մասկը], Թիմը [Apple-ի Քուկը], [BlackRock-ի ղեկավար] Լարի Ֆինքը, [Blackstone-ի ղեկավար] Սթիվեն Շվարցմանը, Քելլի Օրթբերգը (Boeing), Բրայան Սայքսը (Cargill), Ջեյն Ֆրեյզերը (Citi), Լարի Կալպը (GE Aerospace), Դեյվիդ Սոլոմոնը (Goldman Sachs), Սանջայ Մեհրոտրան (Micron), Կրիշտիանու Ամոնը (Qualcomm) և շատ ուրիշներ մեկնում են մեծ երկիր ՉԺՀ, որտեղ ես կխնդրեմ բացառիկ վաստակներ ունեցող առաջնորդ, նախագահ Սիին «բացել» Չինաստանը, որպեսզի այդ փայլուն մարդիկ կարողանան կատարել իրենց հրաշքները և օգնել բարձրացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը էլ ավելի բարձր մակարդակի»,- գրել է նա Truth Social-ում։

«Ավելին, ես խոստանում եմ, որ երբ մենք հանդիպենք [ՉԺՀ նախագահի] հետ, իսկ դա տեղի կունենա արդեն մի քանի ժամից, ես հենց այս խնդրանքը առաջին հերթին առաջ կքաշեմ։ Ես երբեք չեմ տեսել և չեմ լսել որևէ գաղափարի մասին, որը մեր անհավատալի երկրների համար ավելի շահավետ լիներ»,- հավելել է ամերիկյան նախագահը։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը մայիսի 13-15-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն առևտրի, էներգետիկայի, ռազմավարական կայունության, ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ պատերազմի ու Թայվանի հարցերը։ Թրամփի նախորդ այցը Պեկին տեղի է ունեցել նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ 2017 թվականին։ Պետությունների ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերին Պուսանում (Կորեայի Հանրապետություն), որտեղ նրանք գտնվում էին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։