Կոնգրեսի բյուջետային վարչությունը (CBO) ներկայացրել է գնահատական, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Ոսկե գմբեթ» (Golden Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, տեղակայումը և շահագործումը 20 տարվա ընթացքում կկազմի մոտ 1,2 տրիլիոն դոլար: Այդ գումարը մի քանի անգամ գերազանցում է 185 միլիարդ դոլարի գնահատականը, որն ավելի վաղ հնչեցրել էր Պենտագոնի ծրագրի տնօրենը, հաղորդում է Reuters-ը:

«Ոսկե գմբեթ» նախագիծը ենթադրում է պաշտպանության ցամաքային միջոցների մասշտաբային ընդլայնում, ներառյալ՝ որսիչ հրթիռները, սենսորները և կառավարման համակարգերը, ինչպես նաև տիեզերական էշելոնի ավելացում: Տիեզերական տարրերը նախատեսված են հենց ուղեծրից սպառնալիքների հայտնաբերման, հետևման և պոտենցիալ ոչնչացման համար և ներառում են ժամանակակից արբանյակների ցանցեր ու ուղեծրային սպառազինություն:

CBO-ի գնահատմամբ՝ միայն համակարգի ձեռքբերման և տեղադրման ծախսերը 1 տրիլիոն դոլարից փոքր-ինչ ավելի գումար կկազմեն: Ընդ որում, տիեզերական որսիչների խմբավորման՝ 7800 արբանյակներից բաղկացած համաստեղության ստեղծմանը բաժին կընկնի ձեռքբերման բոլոր ծախսերի մոտ 70%-ը: