Նիկոլ Պաշինյանի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել Հայաստանում ներքին լարվածության կտրուկ աճի և ժողովրդական ընդվզումների, ինչի արդյունքում երկրում իշխանափոխություն տեղի կունենա։ Նման տեսակետ է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։


«Ինչպես հասկանում եմ՝ Փաշինյանը փորձում է երկու աթոռի վրա նստել՝ ինչ-որ օգուտներ քաղելու համար։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ ոչ թե երկրի, այլ հենց իր համար։ Իսկ երկրում պարոն վարչապետն իր տարօրինակ քայլերով միայն պառակտում ու քաոս է սերմանում։ Փորձում է ճնշել ընդդիմությանը, պատերազմ է սկսել Կաթողիկոսի դեմ»,- «Պառլամենտսկայա գազետա»-ին ասել է Չեպան։

Նրա խոսքով՝ վերջին զարգացումներից է այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրամիությանը։ «Ներեցեք, բայց դա պարզապես անհեթեթություն է»,- հավելել է Չեպան։


Որպես օրինակ պատգամավորը նշել է Թուրքիային, որը, նրա խոսքով, արդեն 40 տարի փորձում է անդամակցել Եվրամիությանը, բայց չի կարողանում՝ նույնիսկ ԵՄ-ի հետ ընդհանուր սահման ունենալով։ Մինչդեռ Հայաստանը նույնիսկ ընդհանուր սահման չունի ԵՄ-ի հետ։ Չեպան նաև ընդգծել է, որ բոլորովին անհասկանալի է, թե ինչ օգուտ կտա այդ անդամակցությունը Հայաստանին, եթե նույնիսկ ինչ-որ «ֆանտաստիկ հանգամանքների բերումով» դա հանկարծ իրականություն դառնա։

«Ընդհանուր առմամբ տպավորություն է, թե Փաշինյանը փորձում է ամեն ինչ միանգամից հասցնել՝ լինել և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԱՊՀ-ում, և՛ ԵՄ-ում։ Բայց դա պարզապես անհնար է։ Ավելին՝ դա ծանր հետևանքներ է ունենալու ողջ երկրի համար։ Իմ կարծիքով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ Փաշինյանը փորձում է ինչ-որ շահեր ստանալ՝ սիրաշահելով տարբեր երկրների առաջնորդներին»,- նշել է խորհրդարանականը։

Նրա խոսքով՝ դրա վառ օրինակը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ գործարքն է, և այն անմիջապես «Թրամփի ուղի» վերանվանելու առաջարկը։

Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը միանգամայն գիտակցված է գնում որոշակի զիջումների և դրանով վնասում Հայաստանին։ Դա այնպիսի վնաս է, որը նա չէր կարող չկանխատեսել, ինչը նշանակում է, որ այստեղ անձնական՝ ֆինանսական, վարչական կամ այլ շահեր կան։

Չեպան հավելել է, որ հիմնական խնդիրն այն է, որ «փողոցից իշխանության եկած մարդը՝ բարձրախոսով այդ ցուցարարը, փորձում է ամբողջ աշխարհում դառնալ հայ ժողովրդի խոսնակը»։ Իսկ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարթակներում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ապա այստեղ, կարծում եմ, մեզ շատ լուրջ պետք է մտածել հայկական տարածքում մեր ռազմական բազայի մասին։ Ինչպես նաև հայկական կողմին տրամադրվող որոշ մատակարարումների մասին», — ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հանրապետության հիմնական առևտրային գործընկերն է, և հենց Ռուսաստանին է բաժին ընկնում ցորենի, ալյումինի, հացի, արևածաղկի ձեթի, դեղերի և շատ այլ ապրանքների ներմուծման զգալի մասը։

Խոսելով ներքին հետևանքների մասին՝ պատգամավորը պարզաբանել է, որ Փաշինյանն իր քայլերով լարվածություն է ստեղծում հասարակության մեջ, և միայն Եկեղեցու դեմ նրա հարձակումները բավական են, որպեսզի այդ լարվածությունը կտրուկ աճի։ «Ուստի հավանական է, որ այս, այսպես կոչված, գործունեության արդյունքը լինի Փաշինյանի պաշտոնանկությունը։ Ընդ որում՝ ոչ թե ներքաղաքական գործընթացների հետևանքով, այլ պարզապես զայրացած ու հունից դուրս եկած ժողովրդի կամքով»,- ենթադրել է Չեպան։