«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ նոր հարցեր ու մտահոգություններ են առաջացել անձնական տվյալների հնարավոր արտահոսքի և ընտրական տրամադրությունների ուսումնասիրության շուրջ։
ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի հայաստանյան գրասենյակը զանգահարում է արցախցիներին և, իբր սոցիոլոգիական կամ հետազոտական նպատակներով, հավաքագրում զգայուն անձնական տվյալներ։
Ըստ ահազանգերի՝ զանգերի ընթացքում նախ տրվում են մի շարք ճշտող հարցեր․
ե՞րբ են քաղաքացիները տեղահանվել Արցախից, ի՞նչ ընտանիք ունեն, քանի՞ անդամ է բնակվում ընտանիքում, Հայաստանի որ մարզում են ապրում, ի՞նչ ազգության են իրենց համարում, որքանով են հպարտ իրենց ազգային պատկանելիությամբ, ստացել են արդյոք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր։
Միայն դրանից հետո, ըստ քաղաքացիների, հարցումն անցնում է քաղաքական դաշտ՝ ում են պատրաստվում աջակցել հունիսի 7-ին նախատեսվող համապետական ընտրություններում։
Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք։ Մեզ ահազանգած քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքից, որ իրենց անձնական հեռապոսահամարնեն են փոխանցել այդ ընկերությանը:
Ինչու չի պահպանվել բաժանորդների անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ պարտավորությունները։
Բանն այն է, որ հեռահաղորդակցական ընկերությունների և բաժանորդների միջև գործող պայմանագրերով, որպես կանոն, ամրագրված է, որ ընկերությունը չի կարող հաճախորդի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ առանց համապատասխան իրավական հիմքի կամ բաժանորդի համաձայնության։
Հետևաբար, առաջանում է հարց՝ ինչպե՞ս է հետազոտական կառույցը նույնականացնում և թիրախավորում հենց արցախցիներին։ Արդյոք տվյալները ստացվել են բաց աղբյուրների՞ց, պետական համակարգերի՞ց, թե՞ մասնավոր ընկերություններից։
Ստեղծված իրավիճակը կարող է մտահոգիչ լինել ոչ միայն անձնական տվյալների պաշտպանության, այլև ընտրական գործընթացների թափանցիկության տեսանկյունից։ Հատկապես այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով խոցելի վիճակում հայտնված մարդկանց։
Հանրության շրջանում հարց է բարձրացվում՝ արդյոք ընտրություններից առաջ իրականացվում է պարզապես սոցիոլոգիական ուսումնասիրությո՞ւն, թե՞ ձևավորվում են տվյալների բազաներ՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար։
Թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


