Հռոմի պապ Լևոն XIV-ը կստեղծի արհեստական բանականության հանձնաժողով՝ Վատիկանի նոր մարմին, որի նպատակն է լինելու համակարգել Կաթոլիկ եկեղեցու գործողությունները արհեստական բանականության վերաբերյալ, հաղորդում է Politico-ն։


Այս քայլը կատարվում է Հռոմի պապի առաջին էնցիկլիկայից, այսինքն՝ հովվական նամակից առաջ, որում, ինչպես ակնկալվում է, առաջնահերթություն կտրվի արհեստական բանականության նկատմամբ էթիկական մոտեցմանը։

Շաբաթ օրը Վատիկանը հայտարարել է, որ պոնտիֆիկոսը որոշել է ստեղծել հանձնաժողով՝ արհեստական բանականության կիրառման աճի, «մարդկանց և ամբողջ մարդկության վրա դրա հնարավոր ազդեցության (և) յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ եկեղեցու հոգածության» պատճառով։

Հայտարարությունը հնչեց այն բանից մեկ օր անց, երբ Հռոմի պապ Լևոսը ստորագրեց իր էնցիկլիկան՝ պոնտիֆիկոսի կողմից կազմված և եպիսկոպոսներին ուղղված նամակը՝ բարոյական հարցերի վերաբերյալ հրահանգներով կամ ուղեցույցով։

Ակնկալվում է, որ նրա նոր էնցիկլիկան, որը պետք է հրապարակվի առաջիկա շաբաթներին, կանդրադառնա արհեստական բանականության հարցին եկեղեցու սոցիալական ուսմունքի շրջանակում, որն ընդգրկում է նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքը, արդարությունը և խաղաղությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապ Լևոսը միջամտում է արհեստական բանականության հարցին։ 2025 թվականի մայիսին իր ընտրությունից ընդամենը մի քանի օր անց նա կարդինալներին հայտարարել էր, որ Կաթոլիկ եկեղեցին պետք է աշխարհին առաջարկի «իր սոցիալական ուսմունքի գանձարանը»՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք արհեստական բանականությունը առաջադրում է «մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի» առումով։

Անցյալ տարվա հունիսին Հռոմի պապը քննադատել էր արհեստական բանականության կիրառման աճի հնարավոր բացասական հետևանքները։ Նշելով արհեստական բանականության ներուժը՝ բարին ծառայեցնելու համար, պոնտիֆիկոսը հայտարարել էր, որ կա դրա «չարաշահման հնարավորություն՝ հանուն եսասիրական շահի», ինչպես նաև որպես «հակամարտություններ և ագրեսիա հրահրելու» միջոց։

«Վստահ եմ, որ մենք բոլորս մտահոգված ենք երեխաներով և երիտասարդներով, ինչպես նաև արհեստական բանականության օգտագործման հնարավոր հետևանքներով նրանց մտավոր և նյարդաբանական զարգացման համար։ Մեր երիտասարդությանը պետք է օգնել, ոչ թե խոչընդոտել նրանց հասունության և իրական պատասխանատվության ճանապարհին», - ասել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։