Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի պայմանները, հաղորդում է Mehr-ը։
Ինչպես խորհրդարանում Ղարիբաբադիի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի մամուլի քարտուղար Իբրահիմ Ռեզաեին, փոխնախարարը օրենսդիրներին է ներկայացրել այն պայմանները, որոնց դեպքում Թեհրանը պատրաստ է դիտարկեկ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնագիրը։
Ռեզաեիի խոսքով՝ Ղարիբաբադին պատգամավորներին տեղեկացրել է նաև ընթացիկ դիվանագիտական գործընթացների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթնաժողովի, ինչպես նաև Մոսկվա և Պեկին կատարած բարձր մակարդակի դիվանագիտական այցերի մասին։
Ճեպազրույցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել անուղղակի բանակցությունների ներկա վիճակին։ Փոխնախարարը հաստատել է, որ Պակիստանի միջնորդությամբ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առաջարկների փոխանակումն ակտիվորեն շարունակվում է։
Ղարիբաբադին հստակեցրել է Իրանի հիմնական պահանջները՝ բոլոր ճակատներում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերում, ինչպես նաև պատժամիջոցների և ծովային շրջափակումների ամբողջական վերացում։


