Պակիստանը երկկողմ պաշտպանական համաձայնագրի շրջանակներում Սաուդյան Արաբիա է տեղափոխել 8 000 զինվորական, կործանիչների էսկադրիլիա և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ՝ զգալիորեն սերտացնելով Էր Ռիադի հետ ռազմական գործակցությունը։ Սա տեղի է ունեցել այն պարագայում, երբ Իսլամաբադը որպես գլխավոր միջնորդ է հանդես եկել Իրանի հետ պատերազմում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշյալ զորախումբը բնութագրել են որպես լրջագույն, մարտունակ ուժ, որի նպատակն է սատարել Սաուդյան Արաբիայի զինված ուժերին՝ թագավորության վրա հնարավոր հետագա հարձակումների դեպքում։

Պակիստանի ռազմական գերատեսչությունը, արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի պետական լրատվական ծառայությունը չեն պատասխանել զորքերի տեղակայման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցումներին։


Անցյալ տարի ստորագրված պաշտպանական համաձայնագրի ամբողջական պայմանները մնում են գաղտնի, սակայն երկու կողմերն էլ նախկինում հայտարարել են, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Պակիստանին և Սաուդյան Արաբիային պաշտպանել միմյանց՝ հարձակման դեպքում։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը նախկինում ակնարկել էր, որ այս համաձայնագիրն, ըստ էության, Սաուդյան Արաբիայի վրա է տարածում Պակիստանի «միջուկային հովանոցը»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Պակիստանը թագավորություն է ուղարկել մոտ 16 ինքնաթիռից բաղկացած ամբողջական էսկադրիլիա՝ հիմնականում Չինաստանի հետ համատեղ մշակված JF-17 կործանիչներ։ Ինքնաթիռները Սաուդյան Արաբիա են տեղափոխվել ապրիլի սկզբին։ Անվտանգության ոլորտի երկու աղբյուր էլ հայտնել են, որ Պակիստանը լրացուցիչ կերպով տեղակայել է նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երկու էսկադրիլիա։

Բոլոր հինգ աղբյուրներն էլ հաստատել են, որ զորակազմը ներառում է շուրջ 8 000 զինվորական, ինչպես նաև չինական արտադրության HQ-9 ՀՕՊ համակարգեր։

Ամբողջ տեխնիկան սպասարկվում է պակիստանցի անձնակազմի կողմից, իսկ ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովում է Սաուդյան Արաբիան։

Անվտանգության ոլորտի երկու աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Իրանի հետ հակամարտության ժամանակ տեղափոխված պակիստանյան ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը հիմնականում իրականացնելու են խորհրդատվական և ուսումնական գործառույթներ։

Այս նոր տեղակայումը համալրում է Սաուդյան Արաբիայում արդեն իսկ գտնվող հազարավոր պակիստանցի զինվորականների շարքերը, որոնք մարտական առաջադրանքներ են կատարում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում։

Կառավարական աղբյուրներից մեկը, որը ծանոթ է գաղտնի պաշտպանական համաձայնագրի բովանդակությանը, հայտնել է, որ փաստաթղթով նախատեսվում է մինչև 80 000 պակիստանցի զինծառայողի տեղակայել Սաուդյան Արաբիայում։ Դա իրականացվում է սաուդյան ուժերի հետ համատեղ թագավորության սահմանները պաշտպանելու համար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ զորքերի տեղափոխման ծավալն ու կառուցվածքը (մարտական ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր և հազարավոր զինվորականներ) փաստում են, որ Պակիստանի ուղարկած զորախումբը սոսկ խորհրդանշական կամ խորհրդատվական առաքելություն չէ, այլ շատ ավելի լուրջ ռազմական ուժ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Պակիստանը կործանիչներ է տեղակայել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ իրանական հարվածները խոցել էին երկրի էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքները և հանգեցրել Սաուդյան Արաբիայի քաղաքացու մահվան։ Այս միջադեպը մտահոգություններ է առաջացրել այն մասին, որ Էր Ռիադը կարող է կոշտ պատասխան տալ և հանգեցնել հակամարտության ընդլայնմանը։