Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանային ինտեգրման ու փոխշահավետ համագործակցության համար։ Այս գործընթացը կարևոր քայլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Բաքվում Համաշխարհային քաղաքային համաժողովի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակում անցկացվող «Քաղաքները փոխկապակցվածության կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» խորագրով միջոցառմանը։

«Երկարատև հակամարտության ավարտից և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումից հետո տարածաշրջանը բազմամյա անկայունությունից անցում է կատարում դեպի խաղաղության և համագործակցության իրական հնարավորությունների»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։


Բայրամովի խոսքով՝ «ազատագրված տարածքներում» շուրջ 15 միլիարդ դոլարի ներդրում անելով՝ Ադրբեջանը իր անկեղծ շահագրգռվածությունն է ցույց տալիս տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում։

Նա նաև հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը հիմք է դրել TRIPP նախագծին, որը «ոչ միայն անխափան մուլտիմոդալ կապ կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև երկաթուղիների, ավտոմայրուղիների, էներգետիկ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի ու օպտիկամանրաթելային կաբելների միջոցով նոր ռազմավարական երթուղի կստեղծի Ասիայի և Եվրոպայի միջև»։

Բայրամովը նշել է նաև, որ Հորադիզ-Աղբենդ երկաթգիծն ու Կարս-Իգդիր-Դիլուջու նոր գիծը կլրացնեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և կամրապնդեն Ասիայի ու Եվրոպայի միջև տրանսպորտային կապերը։