Էլեկտրական Xiaomi YU7 GT-ն դարձել է ամենաարագ ամենագնացը «Նյուրբուրգրինգ Նորդշլայֆե» հայտնի մրցուղում՝ շրջանցելով Audi-ի և Porsche-ի մոդելները։ Այս մասին մայիսի 19-ին հայտնում է չինական Autohome պորտալը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Xiaomi YU7 GT ամենագնացը 20,8 կիլոմետրանոց մրցուղու մեկ շրջանն անցել է 7 րոպե 34,931 վայրկյանում: Էլեկտրամոբիլը վարել է Xiaomi Auto-ի գլխավոր փորձարկող օդաչու Ժեն Չժոուցանը: Մրցավազքից արված լուսանկարներում երևում է, որ մոդելը թրեք է դուրս բերվել առանց նստատեղերի երկրորդ շարքի և անվտանգության կարկասով:
Ռեկորդային ժամանակը սահմանել է Track Package փաթեթով հատուկ YU7 GT-ն, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 21-ին։ Արդեն հայտնի է, որ այն ունի 1003 ձիաուժ հզորությամբ, երկու շարժիչով լիաքարշակ համակարգ և 101,7 կՎտժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ ընդունակ է մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 705 կմ (ըստ CLTC ցիկլի), ինչպես նաև հագեցած է հատուկ աերոդինամիկ թափարգելներով։
«Նյուրբուրգրինգ Նորդշլայֆե»-ն ավտոարտադրության մեջ ամենահանրահայտ մրցուղիներից է և շատ հայտնի է բարձր արտադրողականությամբ մեքենաների փորձարկման համար։ Xiaomi YU7 GT-ն գրեթե երկու վայրկյանով ավելի արագ է գտնվել նախորդ ռեկորդակրից՝ Audi RS Q8 Performance-ից (7 րոպե 36,698 վայրկյան), որը ռեկորդը պահպանում էր 2024 թվականից։ Իսկ 2021 թվականից ամենաարագ SUV-ի տիտղոսը պատկանել է Porsche Cayenne Turbo GT Coupe-ին (7 րոպե 38,925 վայրկյան)։
Xiaomi-ի մեկ այլ մոդելը՝ SU7 Ultra սեդանը, այժմ զբաղեցնում է երրորդ տեղը «Նյուրբուրգրինգ-Նորդշլայֆեում» ամենաարագ սերիական էլեկտրամոբիլների վարկանիշում՝ զիջելով միայն առաջատար Porsche Taycan Turbo GT-ին և BYD-ի Yangwang U9 Xtreme հիպերքարին։


