Մենք առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հայերի՝ կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հիշեցրել է, որ միջազգային դատարանների մակարդակով համապատասխան ակտեր արդեն ընդունվել են։ «Ընդ որում, այս պահին վերադարձն իրատեսական չէ, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մենք չպետք է մոռացության մատնենք Ադրբեջանի հանցագործությունները», — նշել է Թաթոյանը։

Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստանում պետք է մշակվեն սոցիալական, կրթական և բնակարանային ապահովման ծրագրեր, ինչպես նաև ստեղծվի հատուկ գերատեսչություն, որը կզբաղվի նրանց խնդիրներով։

«Մեր իշխանության գալու դեպքում կչեղարկվեն այն որոշումները, որոնցով Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ճանաչվել որպես ՀՀ քաղաքացիներ», — ընդգծել է Արման Թաթոյանը։ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման հարցը նա անվանել է արհեստական, քանի որ որևէ միջազգային ատյան դա չի հաստատել։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Բաքուն հայ գերիներին օգտագործում է որպես պատանդ՝ իր նպատակների համար։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն իրեն հարմար պահի հանդես կգա այսպես կոչված փոխհատուցման պահանջով։ «Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի ռազմավարական նպատակները, ինչի մասին Բաքվում բարձրաձայնում են։ Դա չի կարելի թույլ տալ։ Ստեղծված իրավիճակում չի կարելի առանց միջնորդների քննարկումներ վարել Ադրբեջանի հետ», — եզրափակել է «Միասնության թևեր»-ի առաջնորդը։