«Վերին Լարսում» կանգնած հայկական բեռնատարը պարզապես բեռնատար չէ. դա Հայաստանի տնտեսությունն է։ Այս մասին մայիսի 25-ին Արարատի մարզում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է նշված ուժի ղեկավար, պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։


«2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիրը» լուծարել է Գյուղատնտեսության նախարարությունը, և հիմա Հայաստանում չկա պատասխանատու պաշտոնատար անձ, որը կզբաղվեր Վրաստանում, «Վերին Լարսում» և Ռուսաստանի տարածքում մեր բեռնափոխադրողների խնդիրներով», — դժգոհել է Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ պետությունը խրախուսում էր մարդկանց վարկեր վերցնել, արտադրանք տալ և վաճառել այն։ «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքի 80%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական միության շուկայում։ Հիմնականում, բնականաբար, Ռուսաստանում։ Պաշտոնական Երևանի վերջին հինգ տարիների վարած քաղաքականությունը վտանգի տակ է դնում Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը։ Վերջին 5 տարում մեր Կառավարությունը համապատասխան բարեփոխումներ չի իրականացրել, որպեսզի մենք կարողանանք գյուղմթերք արտահանել Եվրոպական միության շուկաներ», — ընդգծել է Մարուքյանը։