Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացման մասին որևէ խոսք չկա, պարզապես խոսք կա նոր պատվիրակության ձևավորման մասին:
Այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ որևէ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել և չի էլ հետապնդում:
«Պատվիրակության ձևավորման լիազորությունը թեև ԱԺ նախագահինն է, բայց կան միջազգային կանոններ և մենք դրան կհետևենք խստորեն», - նշեց նա:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Զարուհի Փոստանջյանին իր հարցի իրավունքը զիջել էր ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության ղեկավարը նշեց, որ այդ խոսակցությունները գալիս է նրանից, որ շատերը ծանոթ չեն վեհաժողովի ընթացակարգին:
«Քանի որ մշտական կազմը չորս հոգի ունի, պետք է փոխարինում լինի, դա պարտադիր չէ, սակայն, եթե մշտական անդամը հարց չունի, լրացուցիչ անդամները կարող են հարց տալ և փոխարինում կատարել: Կարծում եմ` ճիշտ չէր լինի, որ իշխանության ներկայացուցիչները հարց ուղղեին իրենց նախագահին»,- նշեց նա` հավելելով, որ տվյալ պարագայում նախագահին հարց տալու համար հերթագրվել էին երկու հոգի՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքերով` հարց տալու հերթականության համար երեք գործոն կա՝ որ պահին ես հերթագրվել, որ ուժն ես ներկայացնում և ակտիվությունը նախկինում քվեարկություններին մասնակցելիս:
«Այդ բոլոր բանաձևերը կիրառելով` պարզ դարձավ, որ առաջին հարցը տալու իրավունքն ունի Զարուհի Փոստանջյանը: Ես ասել եմ, որ փոխարինում լինի և Զարուհին նույնպես իրավունք ունենա հարց տալու: Ես չգիտեմ` ինչու սա այսպես աժեոտաժ առաջացրեց, քանի որ 2011-ին նույնպես Զարուհին շատ սուր հարց տվեց և նույնիսկ պահանջեց, որ նախագահը լքի երկիրը», - նշեց նա:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Փոստանջյանի կողմից տրված հարցին, նա պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ ազատ կարծիք արտահայտելու իրավունք ունի, սակայն կան սահմանափակումներ:
«Ես վստահ եմ, որ մեր հասարակության մեջ նույնպես կան տարբեր գնահատականներ: Դա գրեթե աննախադեպ դեպք էր վեհաժողովի ընթացքում: Դա արվում է ավելի մեծ ընդդիմադրի անուն ձեռք բերելու համար: Նման սկանդալային ձևերով անուն ձեռք բերելուն ես վատ եմ վերաբերվում, այն վիրավորանք էր պարունակում և շատ մեծ հարված էր հենց ընդդիմությանը»,- հավելեց Հարությունյանը: