«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, որը տարիներ շարունակ եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և հետագայում ընտրվել է ԿԸՀ նախագահ՝ ինքն իրեն կողմ քվեարկելով, չի պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից բարձրացված առանցքային հարցերին, որոնք վերաբերում էին հենց Նիկոլ Փաշինյանի նախընտրական գործունեությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր՝ արդյոք իրավաչափ էր այն իրավիճակը, երբ ընտրարշավի ընթացքում պատգամավորի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր, որ ԱԱԾ-ից տեղեկություններ է ստացել ընդդիմադիր թեկնածուի վերաբերյալ, իրեն զեկուցել են, որ հաղորդում կներկայացվի և այլն, այն դեպքում, երբ հրապարակայնորեն նշում էր, որ գտնվում է արձակուրդում և մասնակցում է քարոզարշավին որպես թեկնածու՝ չունենալով առավելություններ մյուս թեկնածուների նկատմամբ։


https://armlur.am/wp-content/uploads/2026/06/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6-1.png
Փոխարենը՝ ԿԸՀ-ն շրջանցել է հարցի բուն էությունը՝ ներկայացնելով միայն Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդության և հանձնաժողովի ընդունած որոշումների մասին տեղեկություններ։
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ն որևէ իրավական գնահատական չի տվել հենց այն հանգամանքին, որի վերաբերյալ հարց էր բարձրացվել՝ կարո՞ղ էր արդյոք թեկնածու Փաշինյանը նախընտրական պայքարի ընթացքում օգտագործել պաշտոնեական կարգավիճակից բխող տեղեկություններ, և արդյո՞ք դա կարող էր դիտարկվել որպես վարչական ռեսուրսի կիրառում։
Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ հանձնաժողովը պատասխանել է ոչ թե տրված հարցերին, այլ այն հարցերին, որոնց պատասխանելը քաղաքականորեն ավելի հարմար է եղել։
Նիկոլ Փաշինյանին վերաբերող մասը երկու անգամ արված մեր հարցումներում ուղղակի շրջանցել է Վահագն Հովակիմյանը։ Իհարկե, հասկանալի է՝ նախկին ղեկավարի դեմ, երբ նա զբաղեցնում է վարչապետի աթոռը, Հովակիմյանը չէր համարձակվի քայլեր իրականացնել։
Ուստի «ժողովրդավար Հայաստանում» օրինաչափ է Վահագն Հովակիմյանի պահվածքը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


