Մեծ Բրիտանիան պայմանավորվել է 210 միլիոն ֆունտ ստերլինգի (280 միլիոն դոլար) հարստացված ուրան մատակարարել Ուկրաինայի ատոմակայանների համար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։


«Մեծ Բրիտանիան առաջիկա երկու տարիներին կապահովի ուկրաինական ատոմային էլեկտրակայանների անխափան աշխատանքը։ Այդ նպատակով բրիտանական պետական արտահանման-վարկային «UK Export Finance» գործակալությունը 210 միլիոն ֆունտ ստերլինգի աջակցություն կտրամադրի, ինչը թույլ կտա բրիտանական «Urenco» ընկերությանը հարստացված ուրան մատակարարել Ուկրաինայի ԱԷԿ-ների օպերատոր «Էներգոատոմ» ընկերությանը», - նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես հստակեցնում է վարչապետի գրասենյակը, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի սկզբին Լոնդոնում Քիր Սթարմերի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։


Հաղորդագրության մեջ նաև պարզաբանվում է, որ խոսքը երկու տարի առաջ կնքված գործարքի շարունակության մասին է։ 2023 թվականին «Urenco»-ն և «Էներգոատոմը» պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ բրիտանական կողմը պարտավորվել է մինչև 2035 թվականը հարստացված ուրան մատակարարել Ուկրաինային։