«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ այս օրը՝ հունիսի 18-ին, ազգային բարերար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ ու մինչ օրս կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2025 թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Առիթը նրա մի հարցազրույցն էր. Սամվել Կարապետյանը, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա…։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։

Լրատվամիջոցին տված հարցազրույցն էլ դարձել է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք։

Ավելի քան կես տարվա բանտարկությունից հետո գործարար Սամվել Կարապետյանը տարեվերջին բանտից տուն տեղափոխվեց։ Տնային կալանքի հետ դատավորն ամենաբարձր գրավը սահմանեց՝ 4 միլիարդ դրամ։

Այժմ գործը Հակակոռուպցիոն դատարանում է։

Ասել է, թե բարդ ստորադասական նախադասություն արտաբերելու համար գործարարը կալանքի տակ է. կես տարի՝ ԱԱԾ մեկուսարանում, իսկ հիմա էլ՝ տանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: