Սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում հայտարարվեց, Հայաստանը Վիլնյուսում չի լինի այն ձևաչափով, որով կանխատեսվում էր, և Հայաստանում և Եվրոպայում փնտրվում են ուղիներ, որոնցով հնարավոր կլինի որևէ ձևաչափով համագործակցություն իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքագետ Ալեքսան Իսկանդարյանը: Նրա գնահատմամբ` այդ համագործակցության համար տարբերակներ կգտնվեն:

«Մաքսային միության և Եվրոպական միության հետ համագործակցության հարցն այնքան էլ հեշտ չէ: Ամեն ինչ պարզ կդառնա մինչև ձմեռ կամ տարեսկիզբ, երբ ավարտվի Վիլնյուսի գագաթնաժողովը, որին հետևելով` կհասկանանք, թե ինչ կկատարվի Ուկրաինայի և Մոլդովայի հետ, ինչից էլ կախված է մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, երբ Ռուսաստանում կավարտվեն Օլիմպիական խաղերը, քաղաքական զարգացումների ընթացքը պարզ կդառնա»,- ասաց քաղաքագետը:

Իսկ ներքաղաքական իրավիճակն, ըստ քաղաքագետի, ոչ մի հետաքրքիր կողմ չունի: Նրա դիտարկմամբ` մեր երկրում ընդդիմություն չկա, կամ գրեթե չկա: «Քաղաքական հակամարտությունների փոխարեն մեզ մոտ որոշները փուչիկ են: Հայաստանում լուրջ քաղաքական հակամարտություն պարզապես լինել չի կարող, քանի որ բոլոր հրապարակները վերցված են հանրապետականների կողմից»,- շարունակեց Իսկանդարյանը:

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին: Նրա գնահատմամբ` այնտեղ ընտրություն չի եղել, չպետք է լիներ, չէր կարող լինել: «Դա պարզ է:
Արդյունքներն արդեն նախապես պարզ էին, տոկոսներն էլ քիչ թե շատ կանխատեսելի էին, նախորդ անգամ 88 էր, այս անգամ 85, դե որոշել են մի քիչ ավելի քաղաքակիրթ լինել»,- ասաց քաղաքագետը և թվային տվյալների միջոցով փաստեց, որ ընտրակեղծումները ակնհայտ են: