«Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է իրավաբան Հովհաննես Խուդոյանը, ներկայացվել է փաստարկների ծավալուն փաթեթ, որը ցույց է տալիս, որ ընտրություններն անցել են այնպիսի մասշտաբի և համակարգային խախտումներով, որոնք միջանկյալ որոշում չեն ենթադրում։ Նա բերել է մի քանի օրինակ՝ իրավապահ համակարգի մասնակցությունը հօգուտ իշխող ուժի քարոզչությանը՝ անմեղության կանխավարկածը խախտող տարբեր հրապարակումների միջոցով, հեռախոսային լսումների հրապարակումը, որոնք հանցակազմ չեն պարունակում, բայց կոչված են որոշակի տպավորություն ստեղծելու (ընդ որում՝ հրապարակված մոնտաժված տարբերակով), բյուջեի հաշվին խոշոր միջոցառումները (օրինակ՝ զորահանդեսը), «ՔՊ» հիմնադրամի կողմից տվյալները ոչ ամբողջական ներկայացնելը, ինչպես նաև 27 հազարի հասնող անհամապատասխանությունը ստորագրությունների և ընտրողների թվի միջև։


Այն հարցին՝ արդյոք դաշինքը պահանջելո՞ւ է ՍԴ որոշ դատավորների ինքնաբացարկը, Խուդոյանը նշել է որոշ դատավորների ակնհայտ փոխկապակցվածությունը «ՔՊ»-ի հետ. առնվազն Վլադիմիր Վարդանյանը չի կարող օբյեկտիվորեն դատել այս գործով, մատնանշել է իրավաբանը։ Նա ընդգծել է,որ միջազգային ատյաններ դիմելու հարցը դեռևս չի քննարկվել։