Երևանի քաղաքապետարանում, երեկ հունիսի 23–ին, ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):


Այս պահին այս վարույթով մեղադրյալ չկա։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել նրանից, որ հունիսի 23–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասաց, որ իրենց լիդեր Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է և դրա համար կալանավորված է։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամներին դա դուր չեկավ, նրանք սկսեցին տեղից վեր կենալ և ինչ–որ բաներ բղավել։ Արմեն Փամբուխչյանը հորդորեց դուրս գալ դահլիճից։ Այդ ընթացքում բախում սկսվեց ավագանու «Մայր Հայաստան» և ՔՊ խմբակցությունների անդամների միջև։