Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը բավարարված չէ համաներումից:

Այս մասին տեղեկացնում է Ազատություն Ռադիոկայանը` հավելելով, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Թամամյանի վրա համաներումը տարածվում է, բայց նա հիմա ազատ չի արձակվի և կշարունակի բանտում մնալ ևս 1 տարի երկու ամիս։ Ինչպես մեկնաբանեց փաստաբանը, նրա նկատմամբ տարածվել է համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որով պատժի չկրած մասը մեկ- քառորդով է կրճատվել:

«Համաներումը, իհարկե չի բավարարի․ 2 տարի 6 ամիս է՝ ազատազրկում է կրում մարդը, նրա պատժաչափը կրճատում են մեկ-քառորդով, պետք է շարունակի էլի պատիժ կրել, բայց շատ ավելի ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնք դատապարտվել են 8 տարի, 10 տարի ժամկետով ազատազրկման, ասենք՝ ավազակային հարձակմամբ, ենթադրենք, ու հանկարծ այդ մարդիկ պատժի մեկ-երրորդն են կրել, ազատվել են ու վերադարձել ընտանիքներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց դժգոհության պատճառը պարզաբանեց Վաղինակ Գևորգյանը,- «Եթե մարդասիրական ակտ է, հետևաբար պետք է ոչ թե ընտրովի լինի, այլ պետք է նաև կարողանա հավասարաչափ բաշխվել»։

Հիշեցնենք, Թամամյանը քրեական հետապնդման է ենթարկվել սպանության գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով փաստեր խեղաթյուրելու և ոչ թե իրական սպանողին, այլ` մեկ այլ անձի մեղադրանք առաջադրելու գործով, երբ հանցագործը ազատության մեջ էր և որպես վկա էր անցնում գործով։

 

Մանրամասներն` այստեղ: