ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, գիշերը դուրս էր եկել այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորել էին ծափերով։

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։


«Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,-գրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ գիշերը դատարան է ներկայացվել Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՔԿ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։