Տավուշում փրկարարներին, համայնքային ոստիկաններին ու պարեկներին մեկ ժամից ավելի պահանջվեց՝ ընկնելու ենթադրյալ վայրից 7 կմ հեռավորության վրա, Խաշթառակի կամրջի տակ հայտնաբերելու ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։
Փրկարարների, ոստիկանների, որոնվող քաղաքացու հարազատների ու մի քանի կամավորների մեկ ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։
Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սեյրան Օ.-ն է։


