Այսուհետ տնտեսավարող սուբյեկտները պետք է գետի ավազի արդյունահանումն իրականացնեն բացառապես տեխնիկական միջոցներով, որոնք հագեցված են GPS համակարգով և անխափան միացված են սերվերային ենթակառուցվածքին։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Սահմանվել են գործունեության հստակ պայմաններ, որոնք բացառում են գետերի բնական հունի փոփոխությունը և ափերի էրոզիան։ Որոշմամբ նաև սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները և արդյունահանման ժամկետների սահմանափակումները, սահմանամերձ գետերից սահմանամերձ շերտում ավազի արդյունահանման արգելքը, ինչպես նաև գետի հունի վիճակի և կայունության պարտադիր մոնիթորինգը՝ հունի փոփոխություններն ու անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով։


Սահմանվել է նաև մոնիթորինգը տոպոգրաֆիական նկարահանումների միջոցով իրականացնելու և դրանք թվային ձևաչափով ներկայացնելու պահանջը։ Որոշումը նաև ներառում է դրույթներ տնտեսավարող սուբյեկտի պարտականության մասին՝ սահմանամերձ գետի հունի փոփոխության սպառնալիքի դեպքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Որոշմամբ սահմանվում են նաև ռիսկերի կառավարման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկություններ տրամադրելու իրավական նորմերը՝ սահմանամերձ շերտում ընդերքօգտագործման իրավունքի կասեցման կամ դադարեցման դեպքում։