Ուկրաինայի հարցում Բաքվի դիրքորոշումը Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն ստվեր չի գցում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի հայտնած դիրքորոշմանը, կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ սերտ հարաբերություններ են կապում, և որոնք կիսում են այդ դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կատեգորիկ համաձայն չենք, և, այո՛, դա մեր տարաձայնությունների առարկան է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Ալիևի հայտարարությունները։


Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվան որդեգրել է պրագմատիկ մոտեցում։

«Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ սա պատճառ չէ, որպեսզի տվյալ հարցը որևէ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Պեսկովը։

Կրեմլում նաև նշել են, որ Ռուսաստանն ամեն կերպ զարգացնելու է Ադրբեջանի հետ հարաբերությունները և բոլոր խողովակներով հետևողականորեն պարզաբանելու է Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը։