Մեծ Բրիտանիան մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանմանը Եվրոպայում տեղի ունեցած հարձակումներին առնչություն ունենալու մեջ։ Այս կապակցությամբ երկրի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասիմֆարը։ Այս մասին է վկայում հուլիսի 14-ին բրիտանական կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությունը։
«Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին է կանչել՝ կապված ԻՀՊԿ-ի դերակատարման հետ, որն առնչվում է ողջ Եվրոպայում պրոքսի խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների կազմակերպմանը»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Նասիմֆարին ԱԳՆ են կանչել Եվրոպայում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած այն հարձակումների պատճառով, որոնք, ըստ բրիտանական կողմի վարկածի, համակարգվել են հենց «Ղոդս» ուժերի կողմից։


