Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: ««Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի: «Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգևորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել «Արարատ-73»-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգևատրել՝ նախարարության Ոսկե մեդալով և հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգևներ: