Եվրոպացի և կանադացի երկրաբանները պարզել են, որ մոտ 66 միլիոն տարի առաջ Երկրին բախված և դինոզավրերի զանգվածային անհետացման պատճառ դարձած Չիկսուլուբ աստերոիդն ունեցել է անսովոր քիմիական կազմ։ Հետազոտության տվյալների համաձայն՝ այն պատկանել է երկնային մարմինների մի հազվագյուտ տեսակի, որն իր բնութագրերով մոտ է 19-րդ դարում Ֆրանսիայում հայտնաբերված Օրնանս երկնաքարին։
Բացահայտման մասին հայտնել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մամուլի ծառայությունը։ Պրոֆեսոր Ֆիլիպ Կլայսի խոսքով՝ նման օբյեկտները չափազանց հազվադեպ են հանդիպում։
«Սա օբյեկտների շատ հազվագյուտ տեսակ է. Օրնանս երկնաքարի նմանակներին չեք կարող հանդիպել ամեն թանգարանում։ Դրանք համեմատաբար քիչ քանակությամբ ցնդող տարրեր են պարունակում, ինչպիսիք են ածխածինն ու ծծումբը։ Այս փաստը կասկածի տակ է դնում այն հանրահայտ հիպոթեզը, թե աստերոիդի բախման հետևանքով մթնոլորտ արտանետված ծծմբային միացություններն են վճռորոշ դեր խաղացել մեզոզոյան դարաշրջանի կենդանիների ոչնչացման գործում»,- նշել է գիտնականը։
Մոտ 10–15 կիլոմետր տրամագծով աստերոիդը Երկրին է բախվել կավճի ժամանակաշրջանի վերջում՝ շուրջ 65,5–66 միլիոն տարի առաջ։ Հարվածի հետևանքով ներկայիս Մեքսիկայի տարածքում առաջացել է մոտ 300 կիլոմետր տրամագծով Չիկսուլուբ խառնարանը։ Գիտնականները վաղուց են այս իրադարձությունը կապում դինոզավրերի և մեզոզոյան ֆաունայի շատ այլ ներկայացուցիչների անհետացման հետ, սակայն աղետի հետևանքների մանրամասները մինչ օրս գիտական բանավեճերի առարկա են։
Գլխավոր հանելուկներից մեկը հենց աստերոիդի ծագումն է։ Հետազոտողները ենթադրում էին, որ այն կարող էր պատկանել ածխածնային քոնդրիտների տարբեր խմբերին, որոնք տարբեր քիմիական կազմ ունեցող հնագույն երկնաքարեր են։
Տիեզերական մարմնի բնույթը պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են աստերոիդի բախումից հետո ձևավորված նստվածքային ապարների իզոտոպային կազմը։ Նրանք վերլուծել են Դանիայի, Իսպանիայի և Իտալիայի հինգ շրջանների կավերում պահպանված մասնիկները և հետազոտել նիկել-60-ի պարունակությունը. սա մի իզոտոպ է, որն օգնում է որոշել երկնաքարերի ծագումը։
Արդյունքները ցույց են տվել, որ Չիկսուլուբի աստերոիդն ավելի մոտ է եղել ոչ թե CM-քոնդրիտներին, ինչպես կարծում էին նախկինում, այլ CO-քոնդրիտներին։ Այս հազվագյուտ խմբին են պատկանում Ֆրանսիայում հայտնաբերված Օրնանս երկնաքարը և դրա ռուսաստանյան նմանակը՝ Կաինսազը։
Այս բացահայտումը փոխել է գլոբալ աղետի պատճառների մասին գիտնականների պատկերացումները։ Նախկինում կարծիք կար, թե աստերոիդի հարվածից հետո մթնոլորտ արտանետված ծծումբ պարունակող միացությունների զգալի մասը կարող էր առաջացած լինել հենց տիեզերական մարմնից և վճռորոշ դեր խաղալ տեսակների անհետացման գործում։
Սակայն CO-քոնդրիտները չափազանց քիչ քանակությամբ ցնդող ծծմբային միացություններ են պարունակում։ Սա նշանակում է, որ արտանետումների աղբյուրը կարող էին լինել հենց երկրային ապարները՝ աստերոիդի բախման շրջանում, կամ էլ այլ գործոններ, որոնք էլ ավելի են սրել աղետի հետևանքները։
Հետազոտողները նշում են, որ նոր տվյալները կօգնեն ավելի ճշգրիտ վերականգնել այն իրադարձությունների ընթացքը, որոնք հանգեցրել են Երկրի պատմության ամենամեծ կենսաբանական ճգնաժամին։


